Բու Այլ Տուն

Բու Այլ Տունը գտնվում է Վանաձորի կիրճում՝ անտառի, մարգագետինների ու լեռնային գետակի հարևանությամբ մի չքնաղ վայրում: Նախկինում այս շրջանում վանաձորցիների ամառանոցներն են եղել, որոնցից շատերը 1990-ականների ճգնաժամի հետևանքով լքվել են, և կիրճի այս հատվածը համեմատաբար վայրի է դարձել: 2016-ին ԷկոՀաբ հիմնադրամը գնեց կիրճում գտնվող լքված շինությունը, իսկ այնուհետև, մի քանի տարվա ընթացքում, տասնյակ կամավորների ու աջակիցների ջանքերով այն վերածեց մի յուրահատուկ կենտրոնի, որը կրթության, թիմային աշխատանքի, տարբեր միջոցառումների և հանգստի հրաշալի վայր է դարձել:

«Բու այլ տան» գաղափարը

2011 թվականից ի վեր ԷկոՀաբի թիմը ոչ ֆորմալ կրթության դասընթացներ է կազմակերպում Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող երիտասարդների համար կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության մասին: Մենք ուզում էինք հիմնել մի տարածք, որը հարմար ու տրամադրող միջավայր կստեղծեր այս կրթական աշխատանքները շարունակելու համար: ԷկոՀաբի թիմի մի զգալի հատվածը բնակվում էր Վանաձորում, ուստի, բնականորեն, ընտրությունը կանգ առավ հենց այս տեղի վրա: Վանաձորի կիրճը մեզ գրավեց իր գեղեցիկ բնությամբ, խաղաղությամբ և առանձնացված տեղադիրքով: Այս վայրը նաև հնարավորություն էր տալիս իրագործելու կենսակայունության մասին մեր պատկերացումները՝ գտնել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ, վերամշակել ու վերօգտագործել, համեղ բուսական սնունդ մատուցել, մոտ լինել բնությանը… ԷկոՀաբի համար «Բու այլ տունը» նաև տնտեսական անկախության աղբյուր էր: Այն թույլ կտար տնտեսել հյուրանոցների վրա ծախսվող գումարները և հավելյալ եկամուտ ունենալ տունը վարձակալությամբ տրամադրելուց: Եկամուտի մի մասը մենք կկարողանայինք տրամադրել Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ԷկոՀաբի շրջանավարտների նախաձեռնությունները ֆինանսավորելուն:

Սոցիալական և բնապահպանական ներդրումներ

Բու Այլ Տան վերանորոգումը հնարավոր դարձավ սոցիալական և բնապահպանական ներդրումների գաղափարի շնորհիվ: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում: Մենք դիմեցինք Հայաստանում և արտերկրում ապրող մեր ընկերներին ու բարեկամներին և խնդրեցինք 3 տարի ժամկետով պարտքով գումար տրամադրել (500 եվրո կամ ավելին): Այս գումարը պարտավորվեցինք վերադարձնել երեք մասով՝ ամեն տարվա ավարտին, և հետն էլ ուղարկել ԷկոՀաբի շրջանավարտների պատրաստած տարբեր արտադրանքներից հավաքված փոքրիկ նվերների փաթեթներ: Այս դիմումին արձագանքեց շուրջ 30 հոգի, որոնք տարբեր չափի գումար տրամադրեցին. իսկ մի քանիսը որոշեցին նվիրատվություն անել՝ գումարը տրամադրել առանց վերադարձի ակնկալիքի: Մենք նամակներ գրեցինք նաև Հայաստանում գործող տարբեր շինանյութի խանութների, կազմակերպությունների ու հյուրանոցների՝ ներկայացնելով նրանց Բու Այլ Տան գաղափարը և առաջարկելով մեզ նվիրաբերել, օրինակ, թեթևակի վնասված սալիկներ, կահույքի կամ սպասքի պարագաներ, որոնք մեզ պետք կգային շինարարության ու ձևավորման համար: Արդյունքում՝ հավաքագրվեց մեզ անհրաժեշտ շինանյութի գրեթե ամբողջ ծավալը:

«Բու այլ տունը» հյուրընկալում է

Դասընթացներ ու աշխատանոցներ

Հայաստանի տարբեր շրջաններից երիտասարդներն այստեղ են գալիս գիտելիք փոխանակելու, նոր հմտություններ ձեռք բերելու, ստեղծարարությունը զարգացնելու համար:

Զբոսաշրջություն և հանգիստ

Տարածքը հարմար է նաև ընտանիքով կամ ընկերներով հանգստի համար կամ որպես գիշերակացի վայր Վանաձորի կիրճում մի քանի օրով արշավների գնալու համար:

Յոգայի դասընթացներ

Տարածքը շատ հարմար է յոգայի և մեդիտացիայի սեմինարներ ու արտագնա հավաքներ անցկացնելու համար:

Արշավներ

Տրամադրվում է նաև արշավների, վրանային հանգստի և թռչնադիտումների համար անհրաժեշտ գույք:

Միջոցառումներ

Այստեղ անցկացվում են ամենատարբեր տիպի միոցառումներ՝ մանկական ճամբարներ, սպորտային միջոցառումներ, արտագնա թիմային հավաքներ և այլն:

Կենցաղային հարմարություններն ու սահմանափակումները

  • Բու Այլ Տանը կարող են միաժամանակ հյուրընկալվել մինչև 20 մարդ
  • Սենյակներից 2-ը 8-ական մահճակալ ունեն, մյուսները՝ 2-4
  • Տան առաջին հարկը, ինչպես նաև դասընթացի սրահն ու ճաշարանը հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար
  • Դասընթացների ու հանդիպումների համար առկա է առանձին, լուսավոր սենյակ
  • Կան մի քանի լոգասենյակներ ու զուգարաններ, մշտական տաք և սառը ջուր
  • Հեռախոսակապը վատ է աշխատում, ինտերնետ չկա

Կարծիքներ

Բու այլ տունն այն տեղերից մեկն է, որտեղ կարողանում եմ կենտրոնանալ գաղափարների վրա. այս տարածքն ինձ շա՜տ է ոգեշնչում: Այստեղ կարողանում եմ հաղորդակցվել համախոհ մարդկանց հետ: Եվ վերջապես, այստեղ կարողանում եմ զգալ բնությունը և բացահայտել այն հենց սկզբնաղբյուրից:

Լուսինե Կարապետյան

ԷկոՀաբի շրջանավարտ և մենթոր

«Բու այլ Տունը ոգեշնչող, կենսակայուն մի տեղ է, որտեղ համեղ ուտելիք են մատուցում և որը շրջապատված է գեղեցիկ սարերով»:

Սեբաստյան Վերզիգ

Դասընթացավար և կենսակայուն զարգացման մասնագետ, Villa Fohrde, Գերմանիա

Բու այլ տունն իրոք արտակարգ այլընտրանք է, երբ ցանկանում ես կտրվել առօրյա աղմուկից ու հոգսերից, երբ ցանկանում ես կենտրոնանալ ու ստեղծագործել, խաղաղվել ու լիցքաթափվել, ներդաշնակ լինել բնության հետ, երբ ուզում ես միտքդ թարմացնել ու լրիվ նոր մտքերով սկսել աշխարհը փոխելու նոր նախագծերը: Այն արտակարգ վայր է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր իրականացնելու համար, որտեղ միավորում ես բնությունը, միտքն ու ստեղծարարությունը:

Սիլվա Մեսրոպյան

Որակավորված բիզնես խորհրդատու և կառավարման խորհրդատու

Բու այլ տունը մի հրաշալի թաքնված գանձ է Վանաձորի գեղատեսիլ կիրճում: Բնության գեղեցկությունից ոչ պակաս տպավորիչ է այստեղի պրոֆեսիոնալ անձնակազմն ու ծրագրերը: Բու այլ տունը հրաշալի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հմտանալ սոցիալական ձեռնարկատիրության, բնապահպանական կրթության և առնչվող ասպարեզներում:

Քըրք Ուոլաս

Ակվապոնիկայի մասնագետ, MAquaponics ՍՊԸ

Գեղեցիկ տուն և գեղեցիկ մարդիկ: Հրաշալի փորձառություններ ապրեցի ձեզ հետ:

Ռեբեկա Մաքիա

Ժամանակակից պարի վարպետ

Եթե կարիք ունեք հանգստանալու կամ ձեր հաջորդ մեծ գաղափարի վրա կենտրոնանալու, ապա Բու այլ տունը հոյակապ տեղ է այդ անելու համար: Այն գերազանց տարածք է աշխատանոցների ու թիմային միջոցառումների համար, հիանալի կահավորված է և հնարավորություն է տալիս թե՛ տքնաջան աշխատելու, թե՛ միասին լավ ժամանակ անցկացնելու:

Նազարեթ Սեֆերյան

Սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ

Հրապարակումներ «Բու այլ տան» մասին

Թիմը գնում է գյուղ. նոր այց «Բու այլ տուն» (2019)

Boo Alternative House. Nurturing Life Outside the Armenian Capital

Թիմը գնում է գյուղ. «Բու այլ տուն» (2017)