ԷկոՀաբը Վանաձորում և Լոռու մարզում զարգացնում է այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ավելի մատչելի են դարձնում կենսակայուն, բնական միջավայրը հարգող ու պահպանող, ինչպես նաև համայնքների բարեկեցությանը նպաստող զբոսաշրջությունը: Այս ոլորտում ԷկոՀաբը սերտորեն համագործակցում է «Բու լեռնահեծանվային պարկի» հետ:
1. Ստեղծում ենք քայլարշավային ուղիներ Վանաձորի կիրճում, որտեղ արշավորդները կարող են ուսումնասիրել տարածքի կենսաբազմազանությունը՝ մասնավորապես թռչուններին ու բույսերին: Արշավային արահետները կահավորված են համապատասխան ուղեցույցերով, իսկ ԷկոՀաբը վարձակալությամբ տրամադրում է արշավների, վրանային ճամբարի և թռչնադիտումների համար անհրաժեշտ գույքը:
2. Վերապատրաստում ենք տեղացի զբոսավարների, որոնք կկազմակերպեն Վանաձորի կիրճի կենսաբազմազանությունը դիտարկող արշավներ: Պատրաստվում ենք համագործակցություն սկսել նաև Վանաձորի դպրոցների հետ, որպեսզի դպրոցականները նույնպես կարողանան վայելել կիրճի կենսաբազմազանությունը բացահայտող արշավներն իրենց դասերի կամ արտադասարանական աշխատանքների ընթացքում:
3. Վանաձորի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ աղբահանության, ինչպես նաև աղբի տեսակավորման կանոնավոր համակարգ ենք փորձում ներդնել Վանաձորի կիրճում:
4. Դեբեդի կիրճի տարածքը կահավորում ենք հեծանվորդների համար հարմար քարտեզներով և ուղեցույցերով:
5. Աշխատում ենք տեղի համայնքների հյուրընկալության փոքր բիզնեսների հետ, որպեսզի կենսակայուն տուրիզմի տարբերակները ներառեն իրենց փաթեթներում և դրա շնորհիվ ավելի հետաքրքիր դառնան ճանապարհորդների, ներքին և արտաքին զբոսաշրջիկների համար: